Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

08/30/2024 | Press release | Distributed by Public on 08/30/2024 05:07

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահի հետ

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահի հետ

30 օգոստոսի, 2024

Օգոստոսի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահ Անա Օլիվերայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի փոխնախագահ Պեդրո Ֆեդերիկո Խիսդոնյանը:

Ի շարունակություն ընթացիկ տարվա մարտին նախարար Միրզոյանի՝ Մոնտեվիդեո կատարած այցի ժամանակ ունեցած քննարկումների՝ Արարատ Միրզոյանը և Անա Օլիվերան անդրադարձել են երկու երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանն ու բարեկամական կապերին համահունչ տարբեր ոլորտներում գործընկերությունը խորացնելուն ուղղված քայլերին: Այս համատեքստում ընդգծվել է նախարարի այցի ընթացքում Մոնտեվիդեոյում ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացման կարևորությունը՝ միտված Հայաստանի և Ուրուգվայի միջև փոխգործակցության առավել ակտիվացմանը։

Զրուցակիցները մատնանշել են այն ոլորտները, որոնցում համագործակցության զարգացման զգալի ներուժ կա, այդ թվում՝ տուրիզմ, սպորտ, և պատրաստակամություն են հայտնել առավելագույնս նպաստել այդ ուղղությամբ համագործակցության հետագա զարգացմանը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է նաև բարձրաստիճան այցերի աճող դինամիկան, ինչպես նաև երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ակտիվ գործունեության դերը երկու երկրների միջև համագործակցության օրակարգի ընդլայնման հարցում։

Նախարար Միրզոյանը հավելել է. «Հայաստանը բարձր է գնահատում Ուրուգվայի խորհրդարանի կողմից ցուցաբերված սկզբունքային դիրքորոշումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մարդու իրավունքների և համամարդկային արժեքների պաշտպանության հարցերում:»

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ տարածաշրջանային կայության ու երկարատև խաղաղության ապահովման համատեքստում ընդգծելով խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը: