Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

07/29/2024 | Press release | Distributed by Public on 07/29/2024 09:56

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տոգոյի արտաքին գործերի նախարարությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տոգոյի արտաքին գործերի նախարարությունների միջև

29 հուլիսի, 2024

Հուլիսի 29-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տոգոյի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև, որոնք վարում էին ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արսեն Առաքելյանը և Տոգոյի Հանրապետության արտաքին գործերի, աֆրիկյան ինտեգրացիայի և սփյուռքի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Մալեմդա Քամելեյը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի և մշակութային ժառանգության պաշտպանության և բազմաթիվ այլ ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանը:

Երկուստեք ընդգծվել է քաղաքական երկխոսության ընդլայնման, երկկողմ իրավապայմանագրային դաշտի ամրապնդման, ինչպես նաև երկկողմ բարձրաստիճան այցելությունների իրականացման՝ կողմերի պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում համագործակցության ընդլայնմանը և փոխադարձ աջակցության կարևորությանը:

Պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը: Նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, ՀՀ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Աֆրիկայի տարածաշրջանի երկրների հետ ՀՀ համագործակցության առաջնահերթություներին։