11/01/2024 | Press release | Distributed by Public on 11/01/2024 12:48
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կոլումբիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում դասախոսություն է կարդացել Կոլումբիայի Կալի քաղաքի «Ինկոլդայի բարձրագույն հետազոտությունների կոլումբիական ինստիտուտ»-ում (Instituto Colombiano de Estudios Superiores de Incolda):
Մասնավոր համալսարանը հիմնադրվել է 1979 թվականին մի խումբ գործարարների կողմից և հանդիսանում է Կոլումբիայի առավել կարևոր բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը: Համալսարանը առաջարկում է բազմազան ծրագրեր տարբեր ոլորտներում, ներառյալ հասարակական գիտություններ, առևտուր, ինֆորմատիկա, ճարտարագիտություն և առողջապահություն:
Համալսարանի խնդիրներից մեկն է աջակցել սոցիալ-տնտեսական զարգացմանը տարածաշրջանում և կրթել ինտեգրացված, գիտական և սոցիալական ակադեմիական մասնագիտություններ ունեցող անհատներ: Արևմուտքի ինքնավար համալսարանում նաև ակտիվիստական գործունեություններ և մշակութային ծրագրեր են իրականացվում, որոնք նպատակ ունեն խթանել ուսանողների մասնակցությունը հասարակական կյանքին: Համալսարանը մասնավոր է, որի ֆինանսները գոյանում են ներդրողների և տնտեսական ոլորտի ներկայացուցիչների աջակցությամբ, որոնց նկատմամբ Կոլումբիայի պետական իշխանությունները կիրառում են առանձնահատուկ ճկուն հարկային քաղաքականություն։
Դասախոսության ընթացքում Հանրապետության նախագահը ուսանողներին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և մեր տարածաշրջանի ընդհանուր նկարագրի և իրողությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, անդրադարձել է ընթացիկ անցուդարձերին։ Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը ուսանողներին և համալսարանի ղեկավարությանն է ներկայացրել Խաղաղության խաչմերուկ ծրագիրը։ Դասախոսության ավարտին նախագահը մանրամասն պատասխանել է Հայաստանի ներքին կյանքում իրականացվող բարեփոխումների, արտաքին քաղաքականության, հարևանների հետ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի և Կոլումբիայի միջև համագործակցության հնարավոր ոլորտների և ուղղությունների վերաբերյալ հարցերին։