Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/12/2024 | Press release | Distributed by Public on 09/12/2024 09:15

«Երևանյան երկխոսության» շրջանակներում անցկացվել է «Ժամանակակից դարաշրջանում փոքր և միջին պետությունների համար անվտանգության նոր մարտահրավերներ» փակ քննարկումը

«Երևանյան երկխոսության» շրջանակներում անցկացվել է «Ժամանակակից դարաշրջանում փոքր և միջին պետությունների համար անվտանգության նոր մարտահրավերներ» փակ քննարկումը

12 սեպտեմբերի, 2024

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանիգլխավորությամբ սեպտեմբերի 9-11 կայացած «Երևանյան երկխոսության» միջազգային համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել «Ժամանակակից դարաշրջանում փոքր և միջին պետությունների համար անվտանգության նոր մարտահրավերներ» խորագրով փակ քննարկումը: Որպես հատուկ հյուր ելույթով հանդես է եկել ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը: Բանախոսներն էին Ջորջ Մարշալլ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բարր Ռ. Սեգինը (ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ-մայոր), Մերձավոր Արևելքի Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի պրոֆեսոր Դեյվիդ Դե Ռոշը (ԱՄՆ), Լոնդոնի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի ինստիտուտի (SOAS) տնօրեն և SOAS համալսարանի քաղաքականության և միջազգային հետազոտությունների ամբիոնի պրոֆեսոր Լինա Խատիբը, Հայաստանի Կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը:

Քննարկվել են անվտանգության բազմատեսակ մարտահրավերները, որոնց բախվում են փոքր և միջին պետությունները ավելի ու ավելի բարդացող գլոբալ լանդշաֆտում, մասնավորապես՝ համաշխարհային խոշոր տերությունների մրցակցության, կլիմայի փոփոխության և օրեցօր զարգացող տեխնոլոգիաների ազդեցության պայմաններում: Մասնակիցները կարծիքներ են փոխանակել դիմակայունության բարձրացման, ամուր գործընկերային հարաբերությունների կառուցման, ներքին կայունության ու արտաքին ճնշումների միջև հավասարակշռության ձեռքբերման վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային համագործակցության դերի գնահատմանը փոքր ու միջին պետությունների անվտանգության ամրապնդման գործում, անվտանգության ներքին և արտաքին սպառնալիքների կառավարման բարդություններին, ասիմետրիկ սպառնալիքների հակազդմանը՝ ոչ պետական դերակատարների, ահաբեկչության և կիբերհարձակումների հետևանքով առաջացած մարտահրավերներին: