Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

07/03/2024 | Press release | Distributed by Public on 07/03/2024 09:13

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

03 հուլիսի, 2024

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև խորհրդարանի առաջին փոխնախագահ, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գեորգի Վոլսկին։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «Հայ-վրացական բարեկամությունը դարերի պատմություն ունի, բայց այսօր, այս փուլում մենք ականատես ենք լինում երկու ինքնիշխան պետությունների միջև ռազմավարական գործընկերության զարգացմանը, և ես լիալույս եմ, որ համատեղ ջանքերով մենք կհասնենք նոր՝ շոշափելի արդյունքների՝ ի շահ մեր ժողովուրդների, ի շահ տարածաշրջանում բարեկեցության։»

Խորացող բարձր մակարդակի երկխոսությանը զուգահեռ Արարատ Միրզոյանը և Շալվա Պապուաշվիլին անդրադարձ են կատարել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, մշակույթի, մարդկանց միջև շփումների խթանման ուղղությամբ սերտ համագործակցության հետագա զարգացմանը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև խորհրդարանական դիվանագիտության, այդ թվում՝ միջխորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցության դերը:

Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ։

Անդրադառնալով տարածաշրջանային կայունության հարցերին՝ նախարար Միրզոյանը Վրաստանի խորհրդարանի նախագահին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումները՝ սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները։

Արևելքի և Արևմուտքի, հյուսիսի և հարավի միջև կամուրջ լինելու հնարավորության շեշտադրմամբ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման կարևորությունը, ինչը կարող է նաև մեծապես ավելացնել Հարավային Կովկասում կայուն խաղաղության կառուցման հեռանկարները։

Հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում։