Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

06/29/2024 | Press release | Distributed by Public on 06/29/2024 07:13

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հետ

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հետ

29 հունիսի, 2024

Հունիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ: Հանդիպումը կայացել է Դուբրովնիկի ֆորումի շրջանականերում:

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր, հարաբերությունների էական խորացմանը միտված քայլերն ու դրական հեռանկարները: Այս համատեքստում ընդգծվել է առկա մեխանիզմների արդյունավետ կիրառման միջոցով ՀՀ դիմակայունության ամրապնդման, մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Ընդգծվել է ուժի կիրառման միջոցով խնդիրների կարգավորման գործելակերպի համընդհանուր բացասական հետևանքները և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հարգման անհրաժեշտությունը:

Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանում իրական կայունությամբ շահագրգռված գործընկերների արժեքահեն մոտեցումների նշանակությունը: