The President of the Republic of Armenia

08/26/2024 | Press release | Distributed by Public on 08/26/2024 12:22

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա են գտնվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին:

Հանրապետության նախագահը հանդես է եկել աշխատաժողովի բացման խոսքով և արդյունավետ աշխատանքային քննարկումներ մաղթել դիվանագետներին: Իր խոսքում նախագահը նշել է.

«Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր դեսպաններին մշտական ներկայացուցիչներին և գլխավոր հյուպատոսներին՝ քրտնաջան աշխատանքի և անձնուրաց ծառայության համար։ Ցավոք ձեր ծառայությունն ընթանում է հիրավի աշխարհաքաղաքական բարդ և երկրի համար ծանրագույն ժամանակաշրջանում, երբ ամենօրյա դիվանագիտական առաքելության իրագործմանը զուգահեռ Հայաստանը ձեռնամուխ է եղել արտաքին քաղաքականության և անվտանգության ճարտարապետության դիվերսիֆիկացման գործընթացին: Այսօր ոչ միայն Հայաստանն, այլև մեր տարածաշրջանը և միգուցե ողջ աշխարհն է անցնում դժվարին ժամանակների միջով: Գործող աշխարհակարգը փոխվում է բավականին դինամիկ տեմպերով, հաճախ անկանխատեսելի ուղղությամբ, և այս բուռն աշխարհաքաղաքական միջավայրում, երբ ականատես ենք սահմանները հատող ճգնաժամերի, առաջնահերթ խնդիրների հրատապ լուծման գործում զգալի է հատկապես դիվանագիտության դերը, քանի որ դիվանագետների գրանցած հաջողություններն ու, ինչն առավել ցավալի է՝ բացթողումները զգալի ազդեցություն են ունենում պետության, նրա միջազգային իմիջի, անվտանգային մթնոլորտի վրա:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումը, բռնի տեղահանումը և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումն իրենց էական ազդեցությունն են ունեցել Հայաստանի կայուն զարգացման վրա, ստիպված ենք եղել ներդնել հասարակության հսկայածավալ ռեսուրսներն այս մարտահրավերների հաղթահարման համար և պայքարել հանուն արդարության, համամարդկային իրավունքների և արժեքների պահպանման և վերականգնման:

Քաջատեղյակ եմ, որ ողջ ժամանակահատվածում ձեր ջանքերն ուղղված են եղել միջազգային հանրության գործուն ներգրավմանը և համապատասխան մեխանիզմների գործարկմանը:

Հայաստանը գտնվում է գերտերությունների շահերի բախման կիզակետում, ուստի խիստ կարևորում ենք երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, հարևան պետությունների հետ խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատումը: Այս իրավիճակում բոլորս ենք գիտակցում, որ հենց դիվանագետներին է վերապահված ամենաբարդ առաքելությունը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելու երկրի առաջընթացի և անվտանգության ապահովման համար: Միջազգային ասպարեզում մեր դիրքորոշումները ճշմարիտ ներկայացնելու և ընկալելի դարձնելու արդյունավետությամբ են պայմանավորված բազմաթիվ դժվարությունների հաղթահարումը:

Հավատացած եմ՝ կհամաձայնեք, որ չնայած վերջին տարիներին բոլորիս առջև ծառացած մարտահրավերներին, մեր դիվանագիտությանը հաջողվել է գրանցել էական հաջողություններ: Ողջունելի են Արդարադատության միջազգային դատարանի, ԵՄ-ի, Եվրոպայի խորհրդի, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված որոշումները, որոնցում ակներև են նաև Ձեր ներդրած ջանքերը: Միաժամանակ, Հայաստանն իր ներդրումն է ունենում համաշխարհային գործընթացներին և քաղաքակրթական արժեքների՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական պետության հաստատման գործում: Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ցուցիչներում Հայաստանն առաջընթաց է գրանցում օրենքի գերակայության, ժողովրդավարության, խոսքի ազատության, տնտեսական աճի և զանազան այլ ոլորտներում:

Առանձնահատուկ կցանկանայի կարևորել դեսպանությունների և հյուպատոսությունների գործունեության տնտեսական և առևտրային բաղադրիչը: Վերջին տարիներին Հայաստանում ձևավորվել է խիստ նպաստավոր մթնոլորտ ներդրումների կատարման, համատեղ ձեռնարկությունների հաստատման և, ընդհանուր առմամբ, օտարերկրյա գործարարների կողմից տնտեսական գործունեության ծավալման համար:

Նկատելի է նշված ժամանակահատվածում գործարար համաժողովների, B2B (բի թու բի) ձևաչափով հանդիպումների ինտենսիվությունը, գրեթե բոլոր պաշտոնական պատվիրակությունների կազմում բիզնես հանրության ներգրավվումը, սակայն պետք է անենք ավելին: Ցավով պետք է արձանագրեմ, որ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ իմ հանդիպումների ընթացքում վերջիններս նշում են, որ իրենց երկրներում կա համագործակցության, այդ թվում՝ ուղիղ ներդրումների զգալի ներուժ ու ցանկություն, սակայն ինչ-ինչ պատճառներով դա հնարավոր չի լինում իրագործել ամբողջ ծավալով, ուստի ներդրումային հոսքերն հաճախ ուղղվում են տարածաշրջանի այլ երկրներ, այդ թվում՝ Վրաստան և Ադրբեջան: Ասածս առաջին հերթին վերաբերվում է Ծոցի երկրներին:

Մերձավորարևելյան տարածաշրջանը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Հայաստանի շահերի պաշտպանության համար, ուստի հաշվի առնելով արաբական երկրների դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման, ինչպես նաև կայուն զարգացման խթանման գործում՝ ցավալի կլինի, եթե ի վերջո այս ամենը հանգեցնի համագործակցության նվազեցմանը, կասեցմանը: Հայաստանի կողմից ներդրումային ծրագրերի առաջարկների բացակայությունը ցավոք բացասական իմիջ են ստեղծում մեր երկրի մասին: Հնարավոր ներդրողների համար ոչ բարենպաստ մթնոլորտ է ստեղծում նաև Հայաստանում համագործակցության բացասական փորձառությունը: Ներկայացնելով իրենց մտահոգությունները՝ հաճախ է պատահում, որ դեսպանները հայցում եմ իմ միջամտությունը որևէ հարց կարգավորելու նպատակով՝ ակնարկելով, որ հայկական կողմը կարող է կորցնել տվյալ համագործակցության իրականացման հնարավորությունը:

Հարգելի՛ դեսպաններ,

Կարևորում եմ, որ յուրաքանչյուրդ իր առօրյա աշխատանքում ունենա հստակ՝ մեծ կամ ոչ այնքան, իրագործելի կամ թվացյալ անհնարին նպատակ, որը նախապես համաձայնեցված կլինի ԱԳՆ համապատասխան ստորաբաժանման և ղեկավարության հետ, և հետևողական գնա այդ նպատակի իրագործմանը:

Մի բան հստակ է՝ յուրաքանչյուր օր դեսպանը և դիվանագիտական ներկայացուցչությունը պետք է իր առջև ունենա այդ օրվա, շաբաթվա կամ ամսվա նպատակը: Սա կլինի պրոակտիվ դիվանագիտության գրավականը, Հայաստանի Հանրապետության տեսանելիության և արդյունքում դիվանագիտական ոլորտում հաջողության երաշխիքը: Ցավոք, ի տարբերություն շատ երկրների, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները չեն կարող իրենց թույլ տալ «business as usual» (առօրյա աշխատանք) ռուտինային աշխատաոճը:

Բոլոր իմաստներով սահմանափակ միջոցներով Հայաստանն, այդ թվում իր դիվանագիտական ներկայացուցչությունները, ներառյալ` արտերկրում հավատարմագրված դիվանագետների թվով, նյութական հնարավորություններով) չունեն այն ճոխությունը, որ պոստֆակտում հակազդեն ծագող մարտահրավերներին, մեղմեն կամ չեզոքացնեն դրանք: Հաճախ այդ փուլում արդեն հարկավոր է լինում շատ ավելի մեծ ջանքերի ներդրում, մինչդեռ, նախաձեռնող, մտածված և նախապես ծրագրված դիվանագիտությունն, անգամ սահմանափակ հնարավորություններով, կարող է արձանագրել զգալի հաջողություններ:

Ուրախ եմ, որ շարունակվում են դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրության ընդլայնմանն ուղղված քայլերը: Անկասկած դեսպանատների առկայությունը տարբեր մայրաքաղաքներում էականորեն նպաստում է միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը, Հայաստանի տեսանելիության և ճանաչելիության մեծացմանը: Այս համատեքստում ևս մի դիտարկում. վստահ եմ, որ դիվանագիտական ներկայացուցչության ակտիվ և արդյունավետ գործունեության դեպքում՝ ընդունող երկրի կողմից ներդրումների կատարման, գործարար հարաբերությունների ընդլայնման, մշակութային և կրթական ծրագրերի իրագործման միջոցով կարելի է անգամներով գերազանցել դեսպանության հաստատման և պահպանման համար կատարած ծախսերը:

Կարևորում եմ նաև, որ Հայաստանի յուրաքանչյուր դեսպանություն քաջ տեղեկացված լինի այլ մայրաքաղաքներում և միջազգային կազմակերպություններում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների նախաձեռնություններին և գործողություններին, փոխլրացնելով և ներածի չափով աջակցելով ընդհանուր նպատակի լուծմանը: Միայն միահամուռ ջանքերով, այդ թվում օգտագործելով բազմակողմ դիվանագիտության հնարավորությունները, հնարավոր կլինի դիմակայել երկրի առջև ծառացած խնդիրներին, և արձանագրել շոշափելի առաջընթաց:

Հարգելի՛ դեսպաններ,

Խոսքիս ավարտին կցանկայի հույս հայտնել, որ տարբեր հարթակներում համախոհ երկրների ձեր գործընկերների հետ սերտ ու փոխշահավետ համագործակցությունը կնպաստի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական հիմնարար սկզբունքների և նպատակների իրագործմանը, գլոբալ և տարածաշրջանային սպառնալիքների նվազեցմանը, խաղաղության ու անվտանգության պահպանմանը:
Համոզված եմ, որ այսուհետ ևս պատվով կներկայացնեք մեր երկիրը՝ ձեր ավանդն ունենալով միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակության ամրապնդման գործում»:

← Վերադառնալ