Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

11/21/2024 | Press release | Distributed by Public on 11/22/2024 07:20

Եվրոպայի վարչության պետը մասնակցել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի առաջին գագաթնաժողովին

Եվրոպայի վարչության պետը մասնակցել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի առաջին գագաթնաժողովին

21 նոյեմբերի, 2024

Նոյեմբերի 19-21-ը Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը մասնակցել է Վիեննայում կայացած Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի առաջին գագաթնաժողովին, որի նպատակն է հստակեցնել ձևաչափի ապագա օրակարգը, դիտարկել առկա մարտահրավերները և նորովի խթանել ԵՄ-ի, անդամ-պետությունների, Արևելյան գործընկերության երկրների կառավարությունների և հասարակությունների միջև համագործակցությունը:

Սամվել Մկրտչյանը ելույթ է ունեցել «Արևելյան գործընկերությունը Հարավային Կովկասում. ինչպիսի՞ հնարավորություններ կան եվրաինտեգրման և ժողովրդավարության առաջխաղացման համար» և «Խողովակաշարերից և բեռնատար գնացքներից ավելին. հաղորդակցության խթանում ԱլԳ տարածաշրջանում» խորագրերով պանելային քննարկումներին:

Եվրոպայի վարչության պետը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու դրական դինամիկան, Եվրոպական Միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերը և Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Նա նաև ընդգծել է Արևելյան գործընկերության ձևաչափի պահպանման անհրաժեշտությունը և անդրադարձել է քաղաքացիական հասարակության կարևոր դերին ԵՄ հետ հարաբերությունների խորացման համատեքստում:

Գագաթնաժողովի շրջանակներում ողջունվել է Հայաստանի կողմից ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտում բարեփոխումների շարունակական իրականացմանը և ԵՄ հետ համագործակցության օրակարգի ընդլայնմանը Հայաստանի հանձնառությունը, ընդգծվել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի կարևորությունը: